Մաչանենց Թատրոն

Հայ Միասնության Խաչի «Մաչանենց» թատրոնը հիմնադրվել է 1989 թվականին ք․ Էջմիածնում։ 1989-91 թվականներին թատրոնն ունեցել է նաև մանկական թատերախումբ։ Թատերախմբում ընդգրկված են եղել Կամո (ներկայիս Գավառ) քաղաքի մանկատան 13 սան: 2011թ.-ից թատրոնը կոչվեց «Մաչանենց»: Արմավիրի մարզում միակ թատրոնը գործում է ավելի քան 100 ամյա շենքում։ Դահլիճը նախատեսված է 70 անձի համար։ «Մաչանենց» թատրոնի շենքում գործում է նաև թատրոն-ստուդիա, որտեղ նախնական թատերական կրթություն է ստանում շուրջ 40 երեխա` Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից։ Հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ երեխաները սովորում են անվճար։ Այժմ թատրոնն ունի մանկապատանեկան և երիտասարդական խմբեր։ Թատրոնում բեմադրվում են կատակերգություններ, դրամաներ, տիկնիկային և ինտերակտիվ ներկայացումներ՝ «Չապրված կյանք», «Սեր և սկլերոզ», «Թանկագին Ելենա Սերգեևնա», «3-րդ աչք», «Օսկարը և վարդագույն խալաթով տիկինը», «Աստծո դուռը», «Ոչ խարանին և խտրականությանը», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Տերն ու ծառան», «Հենզելն ու Գրետելը», «Ձյունե թագուհին», «Թագավորի նոր հագուստը», «Հեքիաթների աշխարհում», «Անխելք մարդը», «Անբան Հուռին», «Մկների ժողովը», «Բարեկենդանը», «Իմ իրավունքը», «Մենք աղետից չենք վախենում», «Մանե», «Ժամադրություն Հիսուսի հետ», «Սարիբեկը», «Լամպը փչիր», «Հրեշտակները չեն արտասվում» և այլն։ Թատրոնն ունի մշտական ազդագիր և խորհրդանիշ արձան՝ «Իմ տխուր և ուրախ կոշիկները», որոնք Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված են ք. Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի արևելյան հատվածում: «Մաչանենց» թատրոնն ակտիվորեն մասնակցում է փառատոնների, ինչպիսիք են «Նռան Հատիկ» մանկապատանեկան փառատոնը, «Թատրոն X», «Արտ ֆեստ», «Թատերական Լոռի» և այլն, հաճախ վերադառնում մրցանակներով։ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հետ համատեղ թատրոնն ակտիվորեն իրականացնում է հասարակական գործունեություն։ Պարբերաբար անվճար ներկայացումներ է ցուցադրում սահմանամերձ համայնքներում, հեռավոր գյուղերում, զորամասերում, դպրոցներում, մանկատներում` հնարավորություն ընձեռելով խոցելի խմբերի ներկայացուցիչներին հաղորդակից դառնալ թատերարվեստին: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *